Ինչպես հայտնի է, օգոստոսի 10-ից Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, սպասվում է նորմայից զգալի բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թերապեւտ Աշխեն Գյոզալյանը նշում է, որ ամռան տապի բացասական գործոններն են՝ օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
«Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է մարդու օրգանիզմի ջերմակարգավորման համակարգի ծանրաբեռնվածությունը, հաստատուն ջերմաստիճան ապահովելու համար ինտենսիվ են աշխատում հատկապես սիրտ-անոթային և շնչառական համակարգերը, որի հետևանքով ի հայտ են գալիս ախտաբանական ախտանշաններ և մարդու կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներ, դրանք են․
1․ Արևայրուք։
2․ Ջերմային հյուծում, որը շոկի տեսակ է, զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազկումից, որը բերում է շրջանառող արյան ծավալի նվազմանը:
3․Արևահարություն, զարգանում է արևի ճառագայթների անմիջական և երկարատև ազդեցության հետևանքով: Ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դեմքի կարմրություն, մաշկը չորություն, գլխացավ, գլխապտույտ, ականջներում աղմուկ, սրտխառնոց, փսխում, քթային արյունահոսություն, գիտակցության խանգարում և կորուստ»:
Բժիշկը շեշտում է, որ առավել պետք է ուշադիր լինեն սիրտ-անոթային, երիկամային, շնչառական համակարգի խրոնիկական հիվանդություններ ունեցողները, հղիները, մեծահասակները և մանկահասակ երեխաները:
Ներկայացնում ենք բժշկի խորհուրդները․
- Օրական խմել 2-3 լիտր հեղուկ՝ ջուր, թան, թեյ, առանց շաքարի բնական հյութեր, զերծ մնալ կոֆեին պարունակող հեղուկներից, ինչպես նաև գարեջրից:
- Խուսափել սուր համեմված սննդից, յուղոտ, կծու կերակուրներից, նախապատվությունը տալ թեթեւ, դյուրամաս սննդին, օգտագործել մրգեր եւ բանջարեղեն:
- Խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից՝ ժամը 12.00-17.00 ժամանակահատվածում:
- Ցանկալի է կրել գլխարկ, արեւային ակնոց, ունենալ հովհար, հագնել բաց երանգի ազատ հագուստ:
- Պետք է խուսափել այդ ժամանակահատվածում բացօթյա տարածքներում ֆիզիկական ծանր աշխատանքներից:
- Պետք է հաճախակի օդափոխել սենյակները, խուսափել միջանցիկ քամիներից, չչարաշահել օդափոխիչի սառը օդը, որի ուժեղ հոսքը չպետք է ուղղված լինի մարդու վրա:
«Հետեւելով այս խորհուրդներին՝ կարելի է դիմանալ շոգ եղանակին եւ բժշկի դիմելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ամփոփում է Աշխեն Գյոզալյանը:
.png)